Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
Տեղում նկարահանված տեսանյութերից երևում է, որ վնասվել են Ստեփանակերտի Մայր տաճարի պատուհաններից երկուսը։ Թեև շինությունը կանգուն է և արտաքինից անվնաս, սակայն քաղաքի հայկական դիմագիծը ներկայացնող այս կարևոր կառույցի պատուհանների վնասումը, որոնք նախկինում վնասված չէին, ցույց է տալիս վանդալիզմի ակտ։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին և հանդիսանում է քաղաքի կարևոր խորհրդանիշներից մեկը։
Այս գործողությունը խախտում է միջազգային իրավական նորմերը։ Հաագայի Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ուղղակիորեն պարտավորեցնում է կողմերին «արգելել, կանխել և, անհրաժեշտության դեպքում, կասեցնել մշակութային արժեքների նկատմամբ գողության, կողոպտման կամ յուրացման ցանկացած ձև և վանդալիզմի ցանկացած գործողություն»։ Իսկ 1999 թվականի Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի համաձայն՝ տարածքը վերահսկող կողմը պարտավոր է արգելել և կանխել մշակութային արժեքի ցանկացած ձևափոխում կամ դրա օգտագործման բնույթի փոփոխություն, որը նպատակ ունի թաքցնել կամ ոչնչացնել մշակութային կամ պատմական վկայությունները։ Եկեղեցու արտաքին տեսքի խաթարումը հենց այդպիսի ձևափոխում է։
Որպես հայկական մշակութային ժառանգությունը վերահսկող կողմ՝ Ադրբեջանը կրում է միջազգային իրավական պատասխանատվություն մշակութային արժեքի ամբողջականությունը չպահպանելու և վանդալիզմի գործողությունները չկանխելու համար։ Նման գործողությունները, որոնք ուղղված են քաղաքի հայկական ինքնության խորհրդանիշին, նպատակ ունեն ոչնչացնել տարածքի հայկական մշակութային ժառանգության հետքերը, ինչը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին և միջազգային մարդասիրական իրավունքին։
Արդարադատության միջազգային դատարանը («Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով) արդեն պարտավորեցրել է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը»։ Ստեփանակերտի եկեղեցու վնասումը ցույց է տալիս, որ պետությունը չի կատարում միջազգային բարձրագույն դատարանի պարտադիր որոշումը։