Իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանի վերջին չորս տարվա հայտարարագրերը, որոնք ուսումնասիրել եմ, ոչ թե պարզություն են մտցնում նրա ֆինանսական դրության վերաբերյալ, այլ առաջ են բերում մի շարք լուրջ հարցադրումներ, որոնք պահանջում են մանրակրկիտ վերլուծություն։
Պատգամավորի հայտարարագրի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2021-ից մինչև 2024 թվականը նրա ֆինանսական վարքագիծը բնութագրվում է մի քանի հակասական գործոններով։
Կանխիկ միջոցների անսպասելի աճ
Չորս տարվա ընթացքում Նարեկ Գրիգորյանի հիմնական եկամտի աղբյուրը պետական աշխատավարձն է եղել՝ տարեկան մոտ 7,2-ից մինչև 10,1 մլն դրամի սահմաններում։ Սակայն, միաժամանակ, նրա կանխիկ միջոցները հետևողականորեն աճել են՝ չնայած նրան, որ նա ունի վարկային պարտավորություններ։
2021 թ․՝ 4,7 մլն դրամ
2022 թ․՝ 9,0 մլն դրամ
2023 թ․՝ 10,0 մլն դրամ
2024 թ․՝ 12,0 մլն դրամ
Այսպիսով, չորս տարում կանխիկը աճել է շուրջ 7,3 մլն դրամով։ Տնտեսական տրամաբանությամբ՝ վարկ ունեցող անձը սովորաբար ձգտում է նվազեցնել պարտքը, իսկ ոչ թե կուտակել մեծածավալ կանխիկ գումար։ Այս հակասությունը պահանջում է բացատրություն։
Վարկային պարտավորությունների և կուտակումների զուգահեռ գոյություն
Պատգամավորի հայտարարագրում առկա է նաև վարկային բեռ։
2022 թ․՝ 4,48 մլն դրամ
2024 թ․՝ 5,48 մլն դրամ
Այսպիսով, նա ունի պարտք, բայց միևնույն ժամանակ նրա կանխիկ միջոցները աճում են։ Սա ոչ թե պարզապես հաշվապահական մանրուք է, այլ ֆինանսական վարքագծի հարց, որը պահանջում է բացատրություն։
Կնոջ հայտարարագրերում առկա հակասություններ
Պատգամավորի կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը ևս պարունակում են հակասական դրվագներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակային տվյալների համաձայն՝ նրա պաշտոնը նշված է որպես «Ազգային ժողովի պատգամավոր», մինչդեռ նա աշխատում է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ»-ում՝ որպես առաջատար մասնագետ։
Գույքային կտրուկ փոփոխություններ
2024 թվականին տեղի են ունեցել մի շարք տրանսպորտային գործարքներ, որոնք նույնպես ենթարկվում են վերլուծության։
Ձեռքբերում հարազատից՝ 300 հազար դրամով
Այլ մեքենայի գնում՝ 4 մլն դրամով
Նույն տարում վաճառք՝ 400 հազար դրամով
Հատկապես ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ պատգամավորի կինը իր ավտոմեքենաներից մեկը գնել է հարազատ եղբորից՝ ընդամենը 300 հազար դրամով։ Մինչդեռ նույն ավտոմեքենան, որը 2009 թվականի արտադրության է, «List.am» կայքում տեղադրված առաջարկների համաձայն՝ շուկայական արժեք ունի մոտ 4,700 ԱՄՆ դոլար։ Այսպիսով, գործարքի գումարը շուկայական արժեքի նկատմամբ էականորեն ցածր է։
Ընդհանուր պատկերը
Այս ամենը, միավորվելով, ստեղծում է մի պատկեր, որը հակասում է սովորական ֆինանսական վարքագծին։ Կանխիկ միջոցների շարունակական աճը պետական աշխատավարձի պայմաններում, վարկային բեռի և կուտակումների զուգահեռ գոյությունը, բանկային համակարգից փաստացի դուրս պահվող միջոցները և գույքային կտրուկ կամ անտրամաբանական փոփոխությունները բավարար են՝ առաջացնելու ապօրինի հարստացման հնարավոր հատկանիշների ուսումնասիրության անհրաժեշտություն։
Հիշեցնենք, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության է եկել թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգով։ Այդ դեպքում իշխանական պատգամավորի հայտարարագրերում առկա ֆինանսական հակասությունները չեն կարող դիտվել որպես «մասնավոր գործ»։ Պետական մարմինների պարտականությունն է ապահովել հստակություն և բացատրություն սեփական շարքերում։