Պատգամավորի հայտարարագրերում առկա ֆինանսական հակասությունները պահանջում են բացատրություն

Իշխանական մեծամասնության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանի վերջին չորս տարվա հայտարարագրերը, որոնք ուսումնասիրել եմ, ոչ թե պարզություն են մտցնում նրա ֆինանսական դրության վերաբերյալ, այլ առաջ են բերում մի շարք լուրջ հարցադրումներ, որոնք պահանջում են մանրակրկիտ վերլուծություն։

Պատգամավորի հայտարարագրի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2021-ից մինչև 2024 թվականը նրա ֆինանսական վարքագիծը բնութագրվում է մի քանի հակասական գործոններով։

Կանխիկ միջոցների անսպասելի աճ

Չորս տարվա ընթացքում Նարեկ Գրիգորյանի հիմնական եկամտի աղբյուրը պետական աշխատավարձն է եղել՝ տարեկան մոտ 7,2-ից մինչև 10,1 մլն դրամի սահմաններում։ Սակայն, միաժամանակ, նրա կանխիկ միջոցները հետևողականորեն աճել են՝ չնայած նրան, որ նա ունի վարկային պարտավորություններ։

2021 թ․՝ 4,7 մլն դրամ
2022 թ․՝ 9,0 մլն դրամ
2023 թ․՝ 10,0 մլն դրամ
2024 թ․՝ 12,0 մլն դրամ

Այսպիսով, չորս տարում կանխիկը աճել է շուրջ 7,3 մլն դրամով։ Տնտեսական տրամաբանությամբ՝ վարկ ունեցող անձը սովորաբար ձգտում է նվազեցնել պարտքը, իսկ ոչ թե կուտակել մեծածավալ կանխիկ գումար։ Այս հակասությունը պահանջում է բացատրություն։

Վարկային պարտավորությունների և կուտակումների զուգահեռ գոյություն

Պատգամավորի հայտարարագրում առկա է նաև վարկային բեռ։

2022 թ․՝ 4,48 մլն դրամ
2024 թ․՝ 5,48 մլն դրամ

Այսպիսով, նա ունի պարտք, բայց միևնույն ժամանակ նրա կանխիկ միջոցները աճում են։ Սա ոչ թե պարզապես հաշվապահական մանրուք է, այլ ֆինանսական վարքագծի հարց, որը պահանջում է բացատրություն։

Կնոջ հայտարարագրերում առկա հակասություններ

Պատգամավորի կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերը ևս պարունակում են հակասական դրվագներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակային տվյալների համաձայն՝ նրա պաշտոնը նշված է որպես «Ազգային ժողովի պատգամավոր», մինչդեռ նա աշխատում է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ»-ում՝ որպես առաջատար մասնագետ։

Գույքային կտրուկ փոփոխություններ

2024 թվականին տեղի են ունեցել մի շարք տրանսպորտային գործարքներ, որոնք նույնպես ենթարկվում են վերլուծության։

Ձեռքբերում հարազատից՝ 300 հազար դրամով
Այլ մեքենայի գնում՝ 4 մլն դրամով
Նույն տարում վաճառք՝ 400 հազար դրամով

Հատկապես ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ պատգամավորի կինը իր ավտոմեքենաներից մեկը գնել է հարազատ եղբորից՝ ընդամենը 300 հազար դրամով։ Մինչդեռ նույն ավտոմեքենան, որը 2009 թվականի արտադրության է, «List.am» կայքում տեղադրված առաջարկների համաձայն՝ շուկայական արժեք ունի մոտ 4,700 ԱՄՆ դոլար։ Այսպիսով, գործարքի գումարը շուկայական արժեքի նկատմամբ էականորեն ցածր է։

Ընդհանուր պատկերը

Այս ամենը, միավորվելով, ստեղծում է մի պատկեր, որը հակասում է սովորական ֆինանսական վարքագծին։ Կանխիկ միջոցների շարունակական աճը պետական աշխատավարձի պայմաններում, վարկային բեռի և կուտակումների զուգահեռ գոյությունը, բանկային համակարգից փաստացի դուրս պահվող միջոցները և գույքային կտրուկ կամ անտրամաբանական փոփոխությունները բավարար են՝ առաջացնելու ապօրինի հարստացման հնարավոր հատկանիշների ուսումնասիրության անհրաժեշտություն։

Հիշեցնենք, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության է եկել թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգով։ Այդ դեպքում իշխանական պատգամավորի հայտարարագրերում առկա ֆինանսական հակասությունները չեն կարող դիտվել որպես «մասնավոր գործ»։ Պետական մարմինների պարտականությունն է ապահովել հստակություն և բացատրություն սեփական շարքերում։

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին հղել է ցավակցական հեռագիր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Երևանում Իրանի դեսպանատունը։

Հեռագրում նշվում է, որ Կաթողիկոսը խոր մտահոգությամբ է հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող իրադարձություններին, որոնց հետևանքով զոհվեցին Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ։

Հեռագրում նաև հայտարարվում է, որ Կաթողիկոսը վշտակցությունն է հղում Իրանի նախագահին և աղոթական զորակցություն՝ զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանք։

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի վրա լիակատար վերահսկողություն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Ըստ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մոհամեդ Աքբարզադեի՝ ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով, կարող է խոցվել հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով։

«Ներկայում Հորմուզի նեղուցը գտնվում է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության տակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս հայտարարությունը հնչել է այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ են ուղեկցել նավթի լցանավերը Պարսից ծոցի այս կարևորագույն նավագնացային երթուղով։

Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր ծովային առևտրային ուղիներից մեկը։ Նավթի ու գազի համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդն անցնում է այս նեղուցով։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պահին, երբ Իրանում տեղի է ունեցել 86-ամյա այաթոլլահ Ալի Խամենեիինի մահը, որը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած հարձակման առաջին օրը։

Ավելի լայն համատեքստում, հաղորդվում է, որ Ադրբեջանը 12 ժամով փակել է նաև Իրանի հետ օդային սահմանը։ Ինչպես նշվում է, Իրանի տարածքում արձանագրվել է շուրջ 1039 հարված 153 շրջանում, որի հետևանքով վնաս է կրել առնվազն 504 օբյեկտ։

Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում մարդկանց՝ «նախաձեռնությունների» անվան տակ

Համայնքներից ստացված տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները, կառավարության և համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների շրջանակում, փաստացի սկսել են նախընտրական կաշառք բաժանել քաղաքացիներին։

Գյուլագարակ համայնքից մեզ հայտնեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգահարում է գյուղացիներին և ցուցակագրում նրանց, ովքեր տանիքի խնդիր ունեն։ Նա հետաքրքրվում է, թե արդյոք տանիքը ասբեստից է, և խոստանում է այն փոխել։

Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը մեր հետ զրույցում նշեց, որ նրանք մարզպետարանից ստացել են գրություն, և իրենք պարզապես հաշվառում են վիճակագրական տվյալները։ Նրա խոսքով՝ նրանք հավաքում են տեղեկատվություն, բայց չգիտեն, թե հետագայում դրա հետ ինչ կանեն։ «Ես չեմ կարող մարզպետարանի տեղը ասել, թե հետագայում ինչ կանի», – ավելացրեց նա։

Այս իրադարձությունները տեղի են ունենում «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ կայացած կոնսոլիդացիայի պայմաններում, որը, ըստ որոշ գնահատականների, դաշտը բյուրեղացնում է։