ԱՄՆ նախագահը հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ և խոսել Պուտինի հետ՝ խաղաղության գործընթացի մասին
Ուկրաինական պատերազմի դադարեցման գործընթացը բարդ է, սակայն առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ավարտելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները, որոնք տեղի էին ունեցել դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագո հանգստավայրում։
Հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը բարձր գնահատել է Զելենսկիին՝ նրան «շատ լավ մարդ» անվանելով և հավաստիացնելով, որ խաղաղությունը մոտ է։ «Ես վստահ եմ, որ մենք մոտենում ենք, հնարավոր է՝ շատ մոտ ենք։ Կարծում եմ՝ մենք բանակցությունների ավարտական փուլում ենք։ Այն (խմբ․՝ պատերազմը) ավարտվելու է, հակառակ դեպքում շատ երկար կշարունակվի և միլիոնավոր նոր մարդիկ կսպանվեն»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ բանակցությունները շարունակելու նպատակով առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպեն ամերիկյան, ուկրաինական և եվրոպական պատվիրակությունները։ Ըստ նրա՝ հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա Վաշինգտոնում։
Թրամփը նշել է, որ գործընթացը բարդ է և պահանջում է ժամանակ, սակայն նա վստահ է, որ «ամեն ինչ լավ ենք անում»։ Նա նաև հավաստիացրել է, որ Պուտինը «շատ լուրջ է տրամադրված խաղաղության հաստատման հարցում» և ցանկանում է տեսնել դրա իրականացումը։ «Նա ինձ վստահեցրել է, և ես հավատում եմ նրան»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ առաջիկայում կրկին կխոսի Պուտինի հետ։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին հանդիպման համար՝ վերահաստատելով խաղաղություն հաստատելու իրենց պատրաստակամությունը։