Ազգային համերաշխության և հավատարմության աղոթք Մայր Աթոռում
Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հանուր հայության հոգևոր կենտրոնը, անսասան է՝ իր ազգընտիր և Օծյալ Սրբազնագույն Վեհափառ Հայրապետով։ Այս հզոր հավատքի կենտրոնում, որտեղ հայ ժողովուրդը դարեր շարունակ իր աղոթքն ու հույսը մատուցել է Ամենակալ Աստծուն, վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը խորապես արտացոլում է մեր ժամանակների հոգին։
Այս օրերին մենք ազգովին անցնում ենք ծանր փորձության միջով։ Յուրաքանչյուրիս վրա դրված է պատասխանելու ծանր պատասխանատվությունը՝ մեր խղճի, մեր ազգի և Հայոց պատմության առջև։ Յուրաքանչյուրս ներկայանալու է Ամենակալ Աստծո ահեղ դատաստանին։
Այս ծանր պահին, որը ստիպում է մտածել մեր նվիրումի, մեր սուրբ ուխտի պահպանման, ինչպես նաև մեր վատահոգության և դավաճանության մասին, ես, որպես միաբան և համեստ հայ քրիստոնյա, ցանկանում եմ հարգանքով նշել մի հզոր երևույթ։
Այն, որ մեր սիրելի ազգակիցներն այս օրերին հավաքվել են Մայր Աթոռ՝ իրենց սրտագին աղոթքը մատուցելու Մայր Տաճարում, և որպես Եկեղեցի Հայկական իրենց նվիրումն ու հավատարմությունը հայտնելու առ Հայոց Հայրապետը, ցույց է տալիս մեր ժողովրդի անկոտրում հոգևոր ուժը։
Այս հավաքին միանալով՝ իրենց ազգային համերաշխության և միասնության անեղծ պահպանման աղոթքով հանդես են եկել նաև մեր պատվարժան պատգամավորները և քաղաքական ու հասարակական գործիչները։ Նրանց ներկայությունը և պատասխանատվության բարձր գիտակցությամբ ցուցաբերած վարքագիծը հզոր հաղորդ է՝ ցույց տալով, որ մեր հայրենիքի ապագան կախված է ոչ միայն քաղաքական որոշումներից, այլև մեր հոգևոր արժեքների պաշտպանությունից։
Ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր արժանապատիվ ոստիկաններին, ովքեր իրենց ծառայությունը կատարեցին Սրբավայրի հանդեպ պատշաճ ակնածանքով ու բարեպաշտությամբ։ Իսկ մեր սիրելի լրագրողներին՝ նրանց նախանձախնդիր ու նվիրված աշխատանքի համար, որոնք լուսաբանում են իրենց կարևորագույն առաքելությունը՝ ճշմարտությունը մեր երկրի, մեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու իշխանության ճանապարհով հասանելի դարձնելով։
Այս ամենը հակադրվում է այն անհաջող փորձությանը, որը կատարեցին «տիրադավ» եպիսկոպոսները և ֆեյք քահանաները՝ փորձելով խախտել Մայր Աթոռի անսասանությունը։ Նրանց արշավանքը, որը սկսվեց նենգությամբ, կանոնազանցությամբ և պառակտությամբ, ավարտվեց ամոթալի և անփառունակ ձևով։
Այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե որտեղ է գտնվում մեր ազգի հոգևոր ուժը։ Այն ոչ թե կեղծ հայտարարություններում կամ բռնության մեջ է, այլ՝ մեր ժողովրդի սրտում, որտեղ հավատը, հույսը և սիրտը միասնական են։
Ամենակալ Աստված, թող օրհնի մեր բնօրրան Մայր Հայրենիքը, անսասան պահի ու պահպանի Հայոց պետությունն ու պետականությունը։ Թող հար ապրի ու բարգավաճի մեր ազգը՝ իր Մայր Աթոռից հանապազ բխող սիրով, հույսով, հավատքով ու լույսով զորեղացած ու պայծառացած։