Ռեֆորմատորի մոլուցք

«Ռեֆորմատորի մոլուցք» տերմինը հոգեբուժության մեջ օգտագործվող նկարագրական արտահայտություն է։ Այն նկարագրում է այնպիսի վիճակ, երբ անձը հոգեկանորեն խորապես տարված է հասարակության, պետության, գիտության, կրոնի կամ բարոյականության արմատական վերափոխման գաղափարով։ Այսպիսի անձը իր գաղափարը համարում է միակ ճշմարիտը, չի ընդունում քննադատություն կամ այլընտրանքային կարծիքներ և կարող է ամբողջությամբ ծախսել իր ժամանակը, ուժերը և միջոցները՝ «բարեփոխման» գաղափարի իրականացմանը, ինչը հաճախ հանգեցնում է սոցիալական կապերի քայքայման։

Հիմնական տարբերությունը սովորական ակտիվ քաղաքացիական դիրքորոշումից կամ իդեալիզմից այն է, որ այստեղ առկա է ոչ քննադատական վերաբերմունք և հիվանդագին մտասեւեռում՝ կենտրոնացած այդ գաղափարի շուրջ։

«Ռեֆորմատորի մոլուցքը» հիմնականում դիտարկվում է որպես դրսևորում, այլ ոչ թե որպես ինքնուրույն հիվանդություն։ Այն կարող է հանդիպել տարբեր հոգեկան խանգարումների շրջանակում․

Զառանցանքային խանգարումներ (հատկապես բարեփոխչական կամ վեհության մոլուցքի զառանցանք)։
Պարանոյալ խանգարումներ՝ որպես շիզոֆրենիկ սպեկտրի խանգարումների դրսևորում։
Երբեմն՝ մանիակալ վիճակների ժամանակ (օրինակ՝ երկբևեռ խանգարման դեպքում), եթե գաղափարները կրում են մեծամիտ և անիրատեսական բնույթ։