Երևանի քաղաքապետարանը 25.5 հազար դոլար է ծախսել սոցիալական մեդիայում ինքնագովազդի վրա

Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ՝ 9 միլիոն 600 հազար դրամ գումարով, որի նպատակն է սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram, TikTok) իր գործունեության գովազդը։ Այս տեղեկությունը հայտնի է դարձել պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։

Պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 25.5 հազար դոլար, ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Ըստ պայմանագրի՝ գովազդային նյութերը պետք է ապահովեն ամեն ամիս առնվազն 2 միլիոն դիտում, 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach) և TikTok-ում՝ 750 հազար դիտում։

Այս ծախսերը կատարվում են այն պայմաններում, երբ քաղաքացիները շարունակում են բախվել Երևանի առօրյա խնդիրներին՝ փոսերով լի ճանապարհներ, վնասվող ավտոմեքենաներ և չլուծվող ենթակառուցվածքային խնդիրներ։ Քաղաքապետարանը, որը ղեկավարում է Տիգրան Ավինյանը, առաջնահերթություն է տալիս ոչ թե խնդիրների լուծմանը, այլ իր գործունեության գովազդին՝ բյուջետային միլիոններ դուրս գրելով։

Այս իրավիճակը հատկապես տարակուսելի է դառնում, եթե հիշենք, որ Տիգրան Ավինյանը ԽԱՊԿ-ի տարեկան զեկույցով լրագրողների հետ անվայելուչ պահվածք դրսևորող պաշտոնյաներից է։ Նա նաև ՔՊ-ական այն պաշտոնյաներից է, որի անունը կոռուպցիոն պատմություններում հաճախ հիշատակվում է։

Հիշեցնենք նաև, որ 2019-2023 թթ․ Ավինյանը եղել է ԱՆԻՖ հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը, որին պետական բյուջեից տրամադրվել է մոտ 25 միլիարդ դրամ։ Չնայած այս գումարներին, հիմնադրամի իրականացրած ծրագրերի մեծ մասը չեն հասել իրենց նպատակներին կամ ընդհանրապես չեն իրականացվել։ Այժմ այդ հիմնադրամը լուծարված է, սակայն պատասխանատվության չի ենթարկվել ոչ ոք։