Պետական գերատեսչություններում կանանց տոնի առթիվ պարգեւատրում են նաեւ տղամարդկանց
Պետական գերատեսչություններում, ինչպես սպասվում էր, կանանց տոնի առթիվ պարգեւավճարներ են բաժանվել։ Սակայն, ինչպես մեզ ասացին, որոշ գերատեսչություններում նաեւ տղամարդիկ են օրերս պրեմիա ստացել, եւ այս փաստը համակարգում անեկդոտների առիթ է դարձել, թե նախընտրական տարում կանանց տոնի առթիվ պարգեւատրում են ոչ միայն կանանց, այլեւ՝ տղամարդկանց։
Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, եւ մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգեւատրումների ֆոնդից պարգեւատրվել են միայն «արժանի» աշխատակիցները։
Նշենք, որ տարբեր գերատեսչություններում պարգեւատրման չափը տարբեր է։ Օրինակ՝ Ազգային Ժողովում (ԱԺ) պարգեւատրումը կազմել է 70 հազար դրամ, իսկ մարզպետարաններում աշխատող կանանց տվել են 15 հազար դրամ։
Ընդ որում, որոշ մարզպետարաններում տարբեր բաժիններում կանանց տոնի առթիվ տրված հավելավճարը տարբեր է եղել։ Այսպիսով, միլիոնների հասնող պարգեւավճարներ ստանում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վերնախավը, իսկ շարքային աշխատակիցները կարող են բավարարվել 10-15 հազար դրամով։