Ոստիկանության նախկին պետի գույքը կբռնագանձվի

Հայաստանի գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում՝ Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանի և նրա կնոջ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Հայցադիմումը դատարան է ընդունվել վարույթի մեջ։

Դատախազությունը «Հետքին» տրամադրել է ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկը, որի բռնագանձումը պահանջվում է դատական կարգով։

Բռնագանձման ենթակա է Երևանում գտնվող երեք անշարժ գույք։ Դրանցից երկուսը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում։ Բացի այդ, պահանջվում է բռնագանձել նաև մեկ ավտոմեքենա։

Անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է մոտ 125 միլիոն 580 հազար դրամ։

Դատախազությունը ներկայացրել է նաև գումարային պահանջ՝ մոտ 48 միլիոն դրամի բռնագանձում որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ Բացի այդ, պահանջվում է բռնագանձել մոտ 43 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։