Ինչպե՞ս ուժեղացնել Հայաստանի արտակարգ իրավիճակների կառավարման համակարգը

Հայաստանը գտնվում է աշխարհագրական այն գոտում, որտեղ արտակարգ իրավիճակների ռիսկերը բարձր են։ Հետևաբար, անհրաժեշտ է ունենալ համապարփակ և արդյունավետ համակարգեր՝ կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման համար։ Ներկայացնում եմ քայլեր, որոնք կարող են էապես բարելավել մեր երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտը։

1. Արտակարգ իրավիճակների նախարարության վերականգնում: Պետք է վերականգնել և ամրապնդել ԱԻՆ-ը՝ որպես ժամանակի ընթացքում ձևավորված, կայացած և արդյունավետ կառավարման կենտրոն։

2. Փրկարարի կարգավիճակի բարձրացում: Փրկարարական ծառայության աշխատակիցների կարգավիճակը պետք է բարձրացվի՝ ոչ միայն ֆինանսական, այլև սոցիալական և հոգեբանական առումներով։ Սա նշանակում է ապահովել բարձր աշխատավարձ, սոցիալական երաշխիքներ, բնակարանային ապահովություն և հասարակության կողմից փրկարարի մասնագիտության հանդեպ հարգանքի և պատկառանքի ձևավորում։

3. Քաղաքականացման կանխարգելում: Փրկարարական ծառայությունը պետք է լինի բացառապես պրոֆեսիոնալ կառույց։ Պետք է կտրուկ կանխել այն օգտագործելը որպես քաղաքական գործիք կամ ներքաղաքական խնդիրների լուծման միջոց։

4. Մասնագետների վերադարձ: Համակարգը պետք է վերադարձնի իր լավագույն մասնագետներին։ Պետք է վերլուծել և վերացնել այն պատճառները, որոնց պատճառով որոշակի մասնագետներ հեռացել են կամ անարդարացիորեն հեռացվել համակարգից։

5. Կանանց դերի կարևորում: Փրկարարական ծառայություններում պետք է ակտիվորեն խթանել կանանց մասնակցությունը և դրանց դերի կարևորումը։

6. Կոչումների արդարացում: Պետք է ապահովել կոչումների և պարգևների անարդար տրամադրման կանխարգելումը՝ հիմնվելով բացառապես պրոֆեսիոնալ որակների և ծառայության արդյունքների վրա։

7. Բնակարանային ապահովություն: Փրկարարների աշխատանքը պետության և հասարակության համար բացառիկ կարևոր է։ Հետևաբար, պետությունը (մասնավորի հետ համագործակցությամբ) պետք է իրականացնի բնակարանային ապահովության ծրագիր, որի շրջանակում ամեն տարի սահմանված քանակով աշխատակիցներին պետք է տրամադրվեն բնակարաններ։

8. Մշտական վերապատրաստում: Փրկարար ծառայության աշխատակիցների համար պետք է ապահովվեն անվճար, մշտական դասընթացներ և վերապատրաստումներ՝ աշխարհի առաջատար մասնագիտական կենտրոններում։

9. Տարածաշրջանային առաջատար դիրք: Հայաստանը պետք է ձգտի դառնալ տարածաշրջանում փրկարար ծառայության որակով և հագեցվածությամբ առաջատար երկիր։

10. ԱԻՆ-ի վերազինում: Հայաստանում փրկարարական ծառայությունները պետք է ունենան ամենաժամանակակից, ամենավերջին տեխնիկական հագեցվածությունը՝ միջազգային համագործակցության, պետական բյուջեի և մասնավոր ներդրումների միջոցով։

11. Դրոնների ստորաբաժանում: Պետք է ստեղծվի փրկարարական դրոնների ստորաբաժանում՝ օգտագործելով դրանք անտառային հրդեհների հայտնաբերման, կորած մարդկանց որոնման, լեռնային փրկարարական աշխատանքների և այլ նպատակների համար։

12. Կամավորների ցանց: Պետք է ստեղծվի վերապատրաստված կամավորների ցանց մարզերում, որոնք կարող են օգնել որոնման աշխատանքներում, առաջին օգնության ցուցաբերման և բնակչության տարհանման ժամանակ։

13. Հասարակության պատրաստվածության բարձրացում: Պետք է իրականացվի մշտական աշխատանք՝ բարձրացնելու հասարակության բոլոր սոցիալական և տարիքային խմբերի քաղպաշտպանության ոլորտում իրազեկվածությունը և պատրաստվածությունը։ Այս գործընթացը պետք է ներառի կրթական հաստատություններից մինչև բոլոր հանրային կառույցներ։