«Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգը. ռազմավարական անվտանգության հիմնական սկզբունք
Հայաստանի համար «երաշխավորված խաղաղության» հայեցակարգի շուրջ ընթացող քննարկումները ցույց են տալիս, թե որքան կարևոր է ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը մեր երկրի անվտանգության համար։ Այս հայեցակարգը պարզապես բարի կամքի կամ քաղաքական հռչակագրերի հարց չէ, այլ միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանության հիմքով կառուցված համակարգ։
Հիմնական սխալը կայանում է այն թեզում, թե Հայաստանը պետք է ինքն իրեն դարձնի «երաշխավորված խաղաղության» երաշխավոր։ Եթե գործող անվտանգության մեխանիզմները, ինչպես մենք վերջերս ցավոք ստիպված ենք ճանաչել, անբավարար կամ ոչ արդյունավետ են եղել, դա չի նշանակում դրանցից հրաժարվել, այլ դրանց վերանայում և ինստիտուցիոնալ ամրապնդում։ Իրավիճակը պահանջում է ոչ թե ինքնուրույն խաղաղության պահապան դառնալ, այլ միջազգային համակարգի մեջ ինտեգրվել՝ ստանալով արտաքին երաշխիքներ։
Պետությունը, որը գտնվում է հարևանների հետ ռազմական և ժողովրդագրական դիսբալանսի իրավիճակում, միայնակ չի կարող լինել խաղաղության երաշխավոր։ Այսպիսի մոտեցումը ռազմավարական խոցելիություն է խորացնում։ Իրականում, միջազգային քաղաքականության մեջ նման նախադեպ գրեթե գոյություն չունի։
Այս համակարգի հիմքում ընկած է պրագմատիկ հարաբերությունների ստեղծում միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ։ Այս երաշխավորող պետությունների ռազմավարական շահերը պետք է համընկնեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հետ։ Հենց այդ պատճառով հայեցակարգը ենթադրում է դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորում՝ հռչակագրային պարտավորություններից դեպի չափելի, ձևականացված պատասխանատվության և գործնական աջակցության գործիքներ։
Խաղաղությունը պետք է պահպանվի ոչ միայն խոստումների, այլև խախտման դեպքում գործարկվող պատասխանատվության մեխանիզմների միջոցով։ Հետևաբար, խաղաղության պայմանագիրը պետք է ներառի ավտոմատ քաղաքական և տնտեսական հետևանքներ, խախտումների միջազգային քննության պարտադիր ընթացակարգ և նախապես համաձայնեցված արձագանքման միջոցներ։ Առանց նման դրույթների ցանկացած համաձայնագիր մնում է խոցելի։
Անհրաժեշտ է ընդգծել, որ «երաշխավորված խաղաղությունը» ոչ մի կապ չունի Հայաստանի արտաքին կախվածության հետ։ Դրա ամբողջ իմաստը կայանում է Հայաստանի ռազմավարական նշանակության և սուբյեկտության վերականգնման մեջ։ Խոսքը վերաբերում է այն համակարգի ձևավորմանը, որտեղ երկրի անվտանգությունը հիմնված է ոչ թե քաղաքական խոստումների, այլ սեփական կարողությունների զարգացմանը համընթաց շահերի համընկնման, պարտավորությունների հստակեցման և արձագանքման իրական մեխանիզմների ներդրման վրա։
Միջազգային հարաբերությունների պատմությունը հստակ ցույց է տալիս՝ այնտեղ, որտեղ բացակայում են ինստիտուցիոնալ երաշխիքները, ի վերջո գործում է ուժի իրավունքը։ Եթե չկա խաղաղությունը պահպանելու մեխանիզմ, ապա ստեղծվում է պարտադրված խաղաղության իրավիճակ, որտեղ հաղթողը թելադրում է իր պայմանները պարտվողին։ Երաշխավորված խաղաղության այլընտրանքը վերահսկվող անկայունությունն է։
Այսօր Հայաստանի առաջ կանգնած է հիմնարար ընտրություն. կամ երկրի անվտանգությունը ինստիտուցիոնալացված է միջազգային երաշխիքների և պատասխանատվության մեխանիզմների միջոցով, կամ մեր պետությունը շարունակում է ապրել ուժային ճնշումների տրամաբանության մեջ։ Միջազգային քաղաքականությունում երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի։