Գագիկ Ծառուկյանի հողատարածքում զննություն է կատարվում՝ Առինջի գործով կապված

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը, այս պահի դրությամբ տեղի է ունենում զննություն՝ կապված 2020 թվականին Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց հարուցված քրեական գործի շրջանակում։

Փաստաբանի խոսքով՝ զննությունը կատարվում է ոչ թե Գագիկ Ծառուկյանի բնակության հասցեում, այլ մեկ այլ առանձնատանը։ Նա նաև հստակեցրեց, որ հարուցված քրեական գործը ոչ մի կերպ չի կապված Ծառուկյանի հետ։

«Գործի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել զննել մի քանի հողատարածքներ, այդ թվում՝ նաև պարոն Ծառուկյանին պատկանող հողատարածքը»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք որևէ առարկություն չեն ներկայացրել։

Փաստաբանը հստակեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը տվյալ գործի շրջանակում որևէ կարգավիճակ չունի։ «Այս պահի դրությամբ նա որևէ կարգավիճակ չունի։ Համոզված եմ, որ չի էլ կարող ունենալ։ Բացի դրանից, պարոն Ծառուկյանը 2020 թվականին, երբ նոր էր հարուցվել գործը, ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել այդ գործի վերաբերյալ»,- ասաց նա։

Զննությունը, ինչպես նշեց փաստաբանը, կատարվում է դատարանի թույլտվությամբ։ Ըստ նրա՝ քննիչը դիմել է դատարան՝ միջնորդելով փորձագետների միջոցով տեղի ունենա զննություն՝ չափային տվյալներ և լուսանկարներ ստանալու նպատակով։